Որոշ երկրներ փորձում են սպեկուլյացիաներ անել Չինաստանի ներքին հարցերի շուրջ, սակայն դա նրանց չի հաջողվի: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թյան Էրլունը:
Որոշ ուժեր մեղադրում են ՉԺՀ-ի իշխանություններին Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում մարդու իրավունքները խախտելու մեջ: Սակայն այստեղ արագորեն աճում է բնակչության բարօրությունը, նշել է դեսպանը:
Նրա խոսքով՝ շրջանները, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները, ստանում են ավելի շատ դոտացիաներ բյուջեից. խոսքը վերաբերում է ինչպես Տիբեթին, այնպես էլ Ույղուրիային կամ Ներքին Մոնղոլիային: Նրանց տարածաշրջանային բյուջեի կեսից ավելին կազմում են կենտրոնական կառավարության դոտացիաները: Դեռ ավելին, Չինաստանում համարում են, որ այդ քաղաքականությունը ճիշտ է:
«Այդպիսի քաղաքականությունը բազմազգ պետության առավելություններից մեկն է»,-ընդգծել է դեսպանը:
Սակայն, դեսպանի կարծիքով, ցավոք, որոշ երկրներ աչք են փակում այդ հարցում եւ ոչ միայն Ույղուրիայի դեպքում, այլ նաեւ Հոնկոնգի եւ Մակաոյի պարագայում: Այստեղ, ինչպես նշել է դեսպանը, իրական պայմաններում իրացվում է «մեկ երկիր, երկու ռեժիմ» փորձարկումը:
«Սոցիալիստական ՉԺՀ-ի կազմում ընդգրկված այդ երկու շրջանները գործում են շուկայական տնտեսության օրենքներով եւ կյանքի որակն այդտեղ բավականին բարձր է»,-նշել է Թյան Էրլունը՝ հավելելով, որ որոշ երկրներ, ինչպիսին է ԱՄՆ-ը, հայտարարում են, որ պարտավոր են հետեւել մարդու իրավունքներին այդ շրջաններում, սակայն Չինաստանն այդ հարցում տեսնում է վառ արտահայտված քաղաքական նպատակ՝ քաոսային իրավիճակ ստեղծել ՉԺՀ-ում:
Դեսպանը նշել է, որ Չինաստանում կարողացել են ապացուցել, որ դա նրանց չի հաջողվի:
Հիշեցնենք, որ Ույղուրիայի թյուրք բնակչության իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության մասին քանիցս հայտարարել է Թուրքիայի վարչապետ, այնուհետեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:





























