Գյումրիում անհանգստացած են, որ Հայաստանի Կառավարությունը, հնարավոր է,  աճուրդի հանի հանճարեղ որմնանկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանակարները:

Այսօր դրանք Շիրակի մարզի թալանված ու լքված գործարանների պատերին են: Երկուսը տեղափոխել են կառավարության շենք, մեկը Շիրակի մարզի Ջաջուռ գյուղ Մինաս Ավետիսյանի տուն –թանգարան, եւս մեկը ցանկություն են հայտնել տեղափոխել Զվարթնոց օդանավակայան:

«Ես դեմ եմ, որ տանում են որմնանկարները Շիրակի մարզից, հեղինակը ստեղծագործել է իր ծննդավայրի համար` Գյումրիի գործարանների ու հիմնարկ-ձեռնարկութունների միջոցներով: Այսօր դրանք հանել աճուրդի կամ ձրի բան տեսնել ու տանել մարզից, ես դա բարոյական չեմ համարում»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կայունացում եւ զարգացում» ՀԿ նախագահ Սերգեյ Նազարեթյանը եւ ավելացրել. «Մեկ էլ տեսար սփյուռքից մի հայ, մի մեծահարուստ, ով ասես կարող է գալ, գնել ու դուրս տանել հանրապետությունից, որ աճուրդ անեն, սահմանափակումներ հո չե՞ն դնելու»:

Իսկ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը բացառել է, որ այդ որմնանկարները կարող են արտերկրում հայտնվել. «Ոչ, Հայաստանից դրանք դուրս չեն գա, այնքան ազգային են դրանք , որ օդանավելու եւ սավառնելու անհրաժեշտություն չունեն: Դրանցով Մինասը հացի փող է վաստակել, նրան վճարել են գործարանների գյումրեցի բանվորները եւ դրանք մերն են, մեր քաղաքինն ու մարզինը»,- ասել է Հասմիկ Կիրակոսյանը: