Հայկական կողմը Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի շրջանակում ավելի բաց եւ նախաձեռնող է դարձել: Այս մասին նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ հայկական պատվիրակության այցը:

Նրա խոսքով՝ Հայաստանում հաճախ քննադատություններ են հնչում այն առնչությամբ, որ ԱՄՆ-ում հայկական պատվիրակությունը հիմնականում հանդիպում է եւ մոտ է Դեմոկրատական կուսակցության գործընկերների հետ, սակայն այսօր հայկական կողմն ակտիվ համագործակցում է նաեւ Հանրապետական կուսակցության գործընկերների հետ: Վերջին այցը դրա վառ ապացույցն էր: Մարուքյանի կարծիքով՝ դա նպաստում է հարաբերությունների ինստիտուցիոնալ զարգացմանը:

«Նախորդ այցի ժամանակ ես պատվիրակության կազմում էի: Այն տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին՝ մինչ հեղափոխությունը, եւ եթե այդ այցը համեմատենք վերջին այցի հետ, ապա էական տարբերություններ կան մակարդակի առումով: Ի տարբերություն նախորդ այցի՝ այս անգամ հայկական կողմն ասելիք ուներ, մասնավորապես, կապված Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ»,- վստահեցրեց Էդմոն Մարուքյանը: