Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 11-ի վաղ առավոտյան Երեւան քաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում` նախկին թիվ 5 գեղարվեստի ուսումնարանի շենքում, հորդառատ անձրեւի հետեւանքով, անձրեւաջրերը լցվել են բնակիչների բնակարանները, տեղի է ունեցել մասնակի ինքնափլուզում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Երեւանի Փրկարար վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը եւ Շենգավիթ վարչական տարածքի ներկայացուցիչը:
Տեղում պարզվել է, որ վթարային վիճակում գտնվող շենքի տանիքային ծածկի մասնակի բացակայության եւ ջարդված լինելու պատճառով անձրեւաջրերը լցվել են 3-ից 1-ին հարկի բնակարանները, մասնակի փլուզվել են 3-րդ եւ 2-րդ հարկերի արտաքին պատի քարերը:
Դեպքի մասին տեղեկացվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության, շենքերի եւ շինությունների հաշվառման եւ կառավարման բաժնի պետ Զ.Հակոբյանը:
Նույն օրը ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւի հետեւանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 76 շենքի նկուղային հարկը լցվել է ջրով, անհրաժեշտ է կատարել ջրահեռացում:
Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով հեռացվել է 120 խմ. ջուր: Աշխատանքները ավարտվել են ժամը 16.53-ին:





























