Հայաստանում չկա տեղեկատվական անվտանգության պետական ռազմավարություն, չկան համապատասխան նորմեր, օրինակ՝ այն մասին, թե պաշտոնատար անձինք կապի ինչպիսի միջոցներից կամ հեռախոսներից պետք է օգտվեն, չնայած հայտնի է, որ տեղեկությունների արտահոսքը կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան երբ կոտրվում են պաշտոնական կայքերը: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այսօր գլոբալ մասշտաբով գործում են հաքերային կազմակերպություններ, որոնք աշխատում են պետության համար եւ կատարում են հակառակորդի ենթակառուցվածքները շարքից հանելու հանձնարարություններ, ինչը կարող է ունենալ շատ ավելի լուրջ հետեւանքներ, քան ռազմական գործողությունները, եւ Հայաստանն առայժմ պատրաստ չէ սրան դիմակայելուն:
Փորձագետի կարծիքով՝ 2020 թվականին Հայաստանի համար գլխավոր խնդիրներից մեկն են շարունակում մնալ նաեւ օրենսդրական բացերը: «Ինչ վերաբերում է սովորական օգտատերերին, ապա նրանց համար մարտահրավեր կդառնա էլեկտրոնային առեւտրի բումը, ինչի հետ կապված անհրաժեշտ է մշակել վարքագծի համապատասխան մշակույթ եւ օգտվել միայն ստուգված էլեկտրոնային խանութներից ու աղբյուրներից»,- հավելեց նա:
Մարտիրոսյանը կարեւորեց բնակչության տեղեկատվական գրագիտության մեծացումը, ինչը «ֆեյք լրատվամիջոցների» դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց է: «Քանի դեռ նման տեղեկությունների պահանջարկ կա, համանման լրատվամիջոցները կգործեն եւ կբարգավաճեն»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում համացանցի մոտ 1 մլն 300 հազար օգտատեր կա, որոնցից մոտ 70 հազարը ֆեյք է:





























