Մեզանում շների համար միայն մեկ կացարան կա, առաջինն ու միակը, որը երբեւէ պետական աջակցություն չի ունեցել: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին մամուլի ասուլիսում ասաց «Փրկենք կենդանիներին» հ/կ-ի ղեկավար Նունե Մեհրաբյանը:

Նրա խոսքով, «Փրկենք կենդանիներին» հ/կ-ի կացարանում կա 200-250 կենդանի:

«Նույն շները չեն մնում այնտեղ, ժամանակ առ ժամանակ կենդանասերները գալիս որդեգրում են շներին, իսկ ստերիլիզացված շները նորից վերադարձվում են բակեր: Պատվաստված շները շատ ավելի անվտանգ են մեզ համար, քան չպատվաստվածները»,- ասաց Նունե Մեհրաբյանը:

Պետական կացարան Հայաստանում չկա, մինչդեռ կենդանասերի խոսքով` նույնիսկ ոչ զարգացած երկրներում կա գոնե մեկ պետական կացարան:

«Այդքան ֆանտաստիկ գումարներ դուրս են գրում, ինչո՞ւ մի հատ կացարան չեն  սարքում, թող նվիրեն կազմակերպությանը, մենք մեր միջոցներով կպահենք այն»,- ասաց նա: