Թերը գրում է, որ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի ցանկից հանվել է «թատրոն» անվանակարգը։ Այս փաստը ոչ միայն զարմացրել, այլև զայրացրել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին. «Խեցեգործություն, կերպարվեստ, կինո, ֆոտո, գոբելեն, քանդակ. ամեն ինչ կա՝ բացի թատրոնից։ Հարց է առաջանում՝ ո՞վ է թատրոնը հանել, ո՞ւմ են հարցրել, և ո՞վ է որոշել, թող այդ մարդն ի հայտ գա, ով ասել է, որ թատրոնը հանեն։ Մենք զանգահարեցինք , ինչ–որ մի կին մեզ ասաց, թե այնքան շատ էին արվեստի տեսակները, որ թատրոնը որոշեցին հանել։ Բա դա պատասխա՞ն է»,– ասել է Ղազանչյանը թերթի հետ զրուցում։
«ՀՀ նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Ֆրանսիա), և, որպես մրցանակ, շնորհվում է վկայագիր, մեդալ և դրամական պարգև՝ 2 հազար 500 դոլարին համարժեք դրամի չափով»,- նշում է «Հրապարակ» թերթը։





























