Ավստրիայի իշխանությունները պատրաստվում են խանութներին արգելել դեն նետել ժամկետանց սննդամթերքը եւ առեւտրի կետերին կպարտավորեցնեն դրանք անվճար հանձնել բարեգործական կազմակերպությունների կարիքների համար: ՏԱՍՍ-ը պարզել է, որ նման միջոցառում է նախատեսված 2020-2024 թվականների նոր կառավարության «Պատասխանատվություն Ավստրիայի համար» աշխատանքային ծրագրում:
«Սննդային թափոնների դեմ գործողությունների ծրագիրը» հայտարարվել է Ավստրիական ժողովրդական կուսակցության եւ «Կանաչների» կուսակցության կոալիցիոն կառավարության նպատակը: Այն նախատեսում է սննդամթերքի բաշխման համակարգի ստեղծում՝ արտադրողների, առեւտրային ընկերությունների եւ բարեգործական կազմակերպությունների գործընկերությամբ: Փաստաթղթում նշվում է, որ ծրագրի համաձայն՝ իշխանությունները մտադիր են դեռեւս ուտելի պիտանիության ժամկետն անց սննդամթերքի օգտահանման արգելք սահմանել:
Այսպիսի մթերքների բաշխմամբ զբաղվելու է ազգային համակարգող կենտրոնը: Այն պատասխանատու կլինի որակի նորմերին եւ ստանդարտներին դրանց համապատասխանելու համար: Ավստրիայում նորամուծության համար հիմք է ծառայել ֆրանսիական փորձը. այնտեղ սննդամթերքը բարեգործական կազմակերպություններին հանձնելու համանման համակարգը գոյություն ունի սննդային թափոնների մեծ ծավալից խուսափելու համար:
Ավստրիայի նախագահ Վան դեր Բելենը հունվարի 7-ին անցկացրել էր երկրի նոր կոալիցիոն կառավարության երդման արարողությունը: ԱԺԿ առաջնորդ Սեբաստյան Կուրցը դարձել էր կանցլերը, «Կանաչների» առաջնորդ Վերներ Կոգլերը՝ փոխկանցլերը, պետական ծառայության եւ սպորտի հարցերի նախարարը:



























