Կառավարությունը նպատակաուղղված է լուծելու բժշկական կրթության ոլորտի խնդիրները, որոնք կուտակվել են տասնամյակներով: Այս մասին հունվարի 24-ին HORIZON 2020 Twinning ծրագրում Հայաստանի հաղթանակի հետ կապված գիտական համաժողովի շրջանակում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը արժանավոր ավանդույթներ ունի, եւ դրա հիման վրա երկրի իշխանությունները պատրաստ են աշխատել եղած ներուժի վերականգնման ուղղությամբ: «COBRAIN ծրագիրը թույլ է տալիս սերտ կապ հաստատել եվրոպական բուհերի հետ, ինչը կօգնի լուծել միանգամից մի քանի խնդիրներ, այդ թվում՝ գիտության եւ պրակտիկ բժշկության ավելի սերտ ինտեգրման հարցը, ինչպես նաեւ բարձրագույն կրթության մակարդակի բարձրացման հարցը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Հայաստանն առաջին անգամ ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված էր Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանով: «COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders. A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing» նախագիծը դարձել է ծրագրի հաղթող: Նախագիծը հիմք կծառայի Հայաստանում Ուղեղի հետազոտման նախաձեռնության եւ Ուղեղի հետազոտությունների կենտրոնի համապատասխան աշխատակազմի եւ ենթակառուցվածքների ձեւավորման համար: