Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանել ՀՀ առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անվանումը կազմակերպության փաստացի գործունեությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: 

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» հիմնադրումից ի վեր թե հիվանդանոցային, թե արտահիվանդանոցային պայմաններում հետազոտվում եւ բուժվում են թոքային տարբեր ախտահարումներ ունեցող պացիենտներ` տուբերկուլոզն այլ հիվանդություններից տարբերակելու նպատակով: Արդյունքում հայտնաբերվում են օբստրուկտիվ եւ ոչ օբստրուկտիվ բրոնխիտներ, մանրէային, սնկային եւ կանգային թոքաբորբեր, ԹՔՕՀ, թոքերի թրոմբոէմբոլիկ, համակարգային եւ ուռուցքային, մակաբուծային ծագման ախտահարումներ:

Վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզի հիվանդացությունը նվազել է մոտ 27 անգամ: Խիստ նվազել է նաեւ կազմակերպությունում բուժվող տուբերկուլոզով պացիենտների թիվը (2019 թվականի առաջին կիսամյակում ամսական միջին թվաքանակը կազմում է 54): 

Ծրագրվում է հանրապետությունում իրականացնել հիվանդակենտրոն հակատուբերկուլոզային բուժում` առավելագույնս մոտեցնելով այն պացիենտի բնակավայրին, այսինքն` տեղամասային ֆիզիատորի հսկողության ներքո:

Կազմակերպությունում շուրջ 7 ամիս է, ներդրվել են վճարովի ծառայություններ, որի շրջանակներում բազմաթիվ թոքային ախտահարումներով պացիենտներ ստանում են խորհրդատվություն, իրականացվում են մի շարք լաբորատոր գործիքային հետազոտություններ:

Նշված ժամանակահատվածում հետազոտվել են շուրջ 7500 պացիենտներ: Դրան զուգահեռ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ տուբերկուլոզային ախտահարում ունեցող պացիենտները կարիք են ունեցել հոսպիտալացման, ինչը հնարավոր չի եղել իրականացնել վճարովի ծառայությունների շրջանակներում` մի շարք իրավական հիմքերի, այդ թվում` հաստատության անվանման բացակայության պատճառով:

Պացիենտների շրջանում մտավախություններ եւ որոշակի ահաբեկվածություն է առաջացնում նաեւ «տուբերկուլոզ» բառը, ինչն անդրադառնում է Կազմակերպության  այցելուների վրա: