ԵՊՀ կանոնադրությունում չկա նման սահմանափակում, մինչդեռ կանոնակարգում կար այդ սահմանափակումը: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռեկտորին ներկայացվող պահանջների ցանկից հանվել է 3 տարվա աշխատանքային փորձի պահանջը:

«Խնդիրը զուտ իրավական է: ԵՊՀ կանոնադրությունում չկա նման սահմանափակում, իսկ կանոնադրությունը հաստատում է կառավարությունը: Դա իրավական առումով կոնֆլիկտի է բերում: Կանոնադրությունը շատ ավելի բարձր աստիճան ունի, քան կանոնակարգը: Դրա համար հանեցինք»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին միակ գլոբալ պահանջը, որ կա, դա դոկտոր պրոֆեսորի կոչում ունենալն է:

Հարցին, թե արդեն կա՞ն թեկնածուներ, Մուրադյանը նշեց, որ գուցե կան մարդիկ, որ լրատվամիջոցներում այդ մասին հայտարարել են, բայց երբ հայտերը կբերեն, այդ ժամանակ կերեւա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց ԵՊՀ ռեկտորի ընտրությունները նշանակել մարտի 23-ին: