Աշխարհում ամենամեծ ձնեմարդը գտնվում է Շթայերմարք ավստրիական դաշնային հողում: Ըստ շաբաթ՝ փետրվարի 1-ին, Գինեսի ռեկորդների գրքում արված գրառման՝ դրա բարձրությունը կազմում է 38.04 մետր, հաղորդում է DW-ը:
Ռիզներալմում գտնվող ձնեմարդը ստացել է Ռիզի անունը: Հնչողությամբ անունը հիշեցնում է ոչ միայն այդ լեռնադահուկային հանգստավայրի անվանումը, այլ նաեւ Riese բառը, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «հսկա»:
Ձնեմարդու ձեւը տարբերվում է մեզ հայտնի ձնեմարդերից, որոնք ունեն կլոր որովայն:
Տեղի տուրօպերատորների խոսքով՝ այդ ձնեմարդն իր վերնամասում ավելի լավ կառուցվածք ունի, քան ներքեւում: Իսկ լրագրողները համեմատել են նրան «տերմիտային մրջնաբույնի» հետ: Ձնե հսկայի գլխին ձնով լցված 6-մետրանոց մետաղական ցիլինդր է:
Ավստրիական Der Standard թերթի տեղեկություններով՝ հսկայական ձնեմարդ կառուցելու շուրջ աշխատանքը սկսվել է դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի կեսերին: Ընդհանուր առմամբ Ռիզիին կառուցելու համար օգտագործվել է շուրջ 800 տոննա ձյուն, գրում է Der Standard-ը:
Միեւնույն ժամանակ ձնեմարդուն պատրաստելու համար ծախսվել է շուրջ 60 հազար եվրո: Գումարը ներդրել են տուրօպերատորները, ինչպես նաեւ մի շարք հովանավորներ: Մինչ այժմ ռեկորդակիր ձնեմարդ էր համարվում 2008 թվականին ամերիկյան Մեն նահանգում «ձնից պատրաստված կինը», որի հասակը 37.21 մետր էր:





























