Նոր Զելանդիայում շուրջ 400 մարդ, որոնց մեծամասնությունը զբոսաշրջիկներ են, վատ եղանակի պատճառով արգելափակվել է Հարավային կղզու հարավարեւմտյան ափին գտնվող հանգստավայրային Միլֆորդ Սաունդ քաղաքում: Երկուշաբթի The New Zealand Herald պարբերականը հայտնել է, որ քաղաքից դուրս եկող միակ ճանապարհը ողողված է անձրեւներով եւ մասամբ ավերվել է սողանքի պատճառով:
Ֆայորդլենդ մարզի իշխանությունները ուժգին քամու եւ հորդ անձրեւների պատճառով արտակարգ դրություն են հայտարարել, իսկ երկրի օդերեւութաբանական ծառայությունը թողարկել է պատմության մեջ առաջին էքստրեմալ եղանակային պայմանների մասին նախազգուշացումը: Ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է որ հորդ անձրեւը ջրհեղեներ է առաջացնում, իսկ գետերի վարարումը եւ սողանքները կարող են խափանել ճանապարհներին երթեւեկությունը եւ տրանսպորտի համար ավտոուղիների մի մասն անհասանելի դարձնել:
Մարզի իշխանությունները հայտարարել են, որ մարդկանց տարհանման համար օգտագործվելու են ուղղաթիռներ, քանի որ ճանապարհը, ինչպես սպասվում է, փակ կմնա մինչեւ շաբաթվա վերջը: Մեկուսացված քաղաքից առաջինը կհեռանան նրանք, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:





























