Անգլիական Սաութ-Յորքշիր կոմսության Շեֆիլդ քաղաքի բնակիչը Մանչեսթերի կենտրնում տեղադրել է աղջիկ որոնելու հայտարարությամբ բիլբորդ եւ ժամադրության հազարավոր հրավերներ է ստացել, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Unilad-ին։

30-ամյա մարքեթոլոգ Մարկ Ռոֆը անհանգստանում էր, որ իր բոլոր ընկերները զույգ են գտել, իսկ ինքը մինչ այժմ միայնակ է եւ չի կարողանում աղջկա հետ ծանոթանալ։ Փաբում նստած նա ընկերոջը պատում էր այն մասին, թե ինչքան է տանջվել ծանոթությունների կայքերում որոնումներից եւ կեսկատակ ասել է, որ իրեն պետք է մեծ բիլբորդ պատրաստել։ Ավելի ուշ Ռոֆը որոշել է, որ իր հորինած միջոցը իսկապես կարող է օգնել։

Նա 425 ֆունտ սթեռլինգ է վճարել եւ Մանչեսթերի կենտրոնում տեղադրել է անսովոր գովազդային վահանակ՝ իր լուսանկարով եւ գրառմամբ․ «Միայնա՞կ եք։ Հանդիպեք Մարկի հետ։ Սա կարող է լինել նշան, որին դուք սպասում էիք։ Մտեք DatingMark.co.uk կայք»։

Իր կայքում Ռոֆը սպառիչ տեղեկատվություն է տեղադրել իր մասին։ Մասնավորապես, նա իրեն նկարագրել է որպես «ծայրահեղ գեղեցիկ եւ համեստ»։ Նաեւ նշել է այնպիսի անձնական տվյալներ, ինչպես հասակը՝ 1,8 մ, ցուցամատի երկարությունը՝ 6,82 սմ, աչքերի գույնը՝ «#4e4f5f’», այսինքն «մուգ մոխրակապտագույն»։ Բացի այդ Մարկը նշել է, որ ինքն ունի երկու ընկեր, եւ համբուրել է «երեքից ավելի աղջկա»։

Այցելուները կարող են Ռոֆի հետ ժամադրության հայտ ներկայացնել։ Կայքում տեղադրված հաշվիչի համաձայն, հետաքրքրվել է ավելի քան հազար մարդ։

Ռոֆն ուզում է ավելի շատ վահանակներ տեղադրել Անգլիայի տարբեր քաղաքներում։ Դրա համար նա ստեղծել է էջ, որտեղ նվիրատվություններ է հավաքում։ Նա նշել է, որ եթե չհավաքի անհրաժեշտ 1600 ֆունտը, ապա գումարը կնվիրաբերի քաղցկեղի հետազոտությանը։ Եթե Ռոֆն ավելի շատ գումար հավաքի, քան անհրաժեշտ է, ապա մնացածը բարեգործության վրա կծախսի։