Շվեդիայի հարավում ոչ մեծ պիցցերիայի սեփականատեր Ստելան Յոհանսոնը մեծ խնդիրների է բախվել։ Նա պիցցայի պատրաստման մեջ կիվի է օգտագործել։ Սոցցանցերից իմանալով նորույթի մասին՝ իտալացիները խոստացել են խոհարարական ավանդույթները կոպտորեն խախտելու համար հաշվեհարդար տեսնել նրա հետ, հայտնում է RG-ն՝ հղում կատարելով 20min.ch կայքին։

Յոհանսոնը մշտական այցելուներին հյուրասիրում է «կիվի-պիցցայով», ընդ որում, այն մեծ պահանջարկ է վայելում։ Նա օրական վաճառում է 10-12 հատ պիցցա, որը հաճույքով գնում են տրանզիտային վարորդները։ Ամեն ինչ սկսվել է հարազատների նվերից։ Նրանք Սուրբ Ծննդյան օրը Յոհանսոնին իրենց ֆերմայում աճեցրած 15 կգ կիվի են նվիրել։ Խոհարարը միրգը տարբեր ուտեստների, այդ թվում՝ պիցցայի մեջ է օգտագործել, եւ իր գլուխգործոցները տեղադրել է Facebook-ում։ Շուտով «կիվի-պիցցա»-ի մասին հայտնի է դարձել Իտալիայում։ «Կիվիով պիցցան խախտում է միջերկրածովյան խոհանոցի կանոնները։ Աղի ուտեստը չի համադրվում մրգերի հետ։ Չէ՞ որ ոչ ոք սպագետին անանասով չի ուտում»,- շվեդին քննադատել է Associazione Verace Pizza Napoletana-ի տնօրեն Ստեֆանո Աուրիկյոն։

Ավելի հասկանալի շվեդի հետ ինտերնետում շփվել են շարքային իտալացիները։ «Նրանք բոլորը խելագարվել են ինչ է, սպառնում են ինձ սպանել Իտալիայի սննդային մշակույթը խախտելու համար»,- տարակուսում է Յոհանսոնը։ Այնուամենայնիվ, նա ի գիտություն է ընդունել եւ այլեւս մոդայիկ պիցցա չի առաջարկում։ Հասկանալի չէ միայն, թե ինչու է դա տեղի ունեցել՝ սպառնալիքների պատճառո՞վ, թե՞ կիվիի ողջ պաշարը սպառվել է։

Առաջին պիցցան պատրաստվել է Նեապոլում՝ 1522 թվին, եւ այժմ այն համարվում է իտալական բոլոր պիցցաների սկզբնաղբյուրը։ 17-րդ դարում հայտնվել է «պիցցայոլո» (pizzaiolo) մասնագիտությունը։ Այդպես էին անվանում մարդկանց, որոնք այդ ուտեստը պատրաստում էին իտալացի գյուղացիների համար։ Ընդ որում, առավել հանրահայտ է դարձել նեապոլիտանական «Մարգարիտան»։ Համարվում է, որ այն անվանել են Իտալիայի Ումբերտո I թագավորի կնոջ պատվին։ Նա գնահատել է ուտեստը ոչ միայն համի, այլեւ իտալական դրոշի գույների համար՝ կարմիր (լոլիկ) կանաչ (ռեհան) եւ սպիտակ (մոցարելա)։ 2017թ․ դեկտեմբերին իտալական պիցցան ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն։