Սահմանադրության մեջ փոփոխություններն արվում են ոչ նրա համար, որպեսզի երկարաձգեն պետության գործող ղեկավարի իրավասությունները։ Այս մասին Չերեպովեցում հանրության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Telegram-ին։
«Ես դա առաջարկել եմ ոչ նրա համար, որպեսզի երկարաձգեմ իմ իրավասությունները»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով բանավեճի մասնակից մի կնոջ հարցին, թե իմաստ ունի՞ արդյոք նախագահի ընտրություններ անցկացնելը, եթե փոփոխությունների համար քվեարկությամբ ժողովուրդը իր աջակցությունը կհայտնի դրանց հեղինակին։
Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագահի օրենսդրական նախագիծը հունվարին ներկայացվել է Պետդումային եւ հավանության արժանացել առաջին ընթերցմամբ։ Սպասվում է, որ փաստաթուղթը պատգամավորների կողմից կընդունվի փետրվարին, ընդ որում արդեն ապրիլին նախատեսված է համառուսական քվեարկություն, որի արդյունքները, ինչպես հավաստիացրել են Կրեմլում, կարող են ազդել հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու վրա։
Վլադիմիր Պուտինը հունվարի 15-ին ուղերձով դիմել էր Դաշնային ժողովին եւ խոսել սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Միջոցառման արդյունքներով ձեւավորվել էր 70 անդամից բաղկացած աշխատանքային խումբ՝ ՌԴ առաջնորդի նախաձեռնությունը քննարկելու համար, իսկ կառավարությունը հրաժարական էր տվել։





























