Ամեն օր Չինաստանից միջինը 20-30 Հայաստանի քաղաքացի է վերադառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էկոնոմ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Դավիթ Տաշչյան, որը պարբերաբար շփումների մեջ է Չինաստանում գտնվող, վերադարձող եւ վերադարձած հայերի հետ:

 «Անհնար չի այս պահին վերդառանալը: Կան  դժվարություններ Չինաստանով մեկ տեղաշարժի հետ կապված, բայց, այնուամենայնիվ, այնպես չի, որ կրիտիկական է վիճակը: Քաղաքներ կան, որ մուտքը փակ է, բայց ելք կա այդ քաղաքներից: Հիմնական տագնապը մարդկանց շուտափույթ գալու մեջ է»,- ասաց նա՝ նշելով, որ հապճեպ տոմս գնելը խնդիրներ է առաջացնում, քանի որ էկոնոմ դասի տոմսերը սպառված են լինում, դրա հետեւանքով՝ գինը բարձրանում.«Մնացել են մի քանի բիզնես կարգեր, որոնց գները ահռելի մեծ են, խնդիրը դրանում է մոտակա օրերի հետ կապված»:

Դավիթ Տաշչյանի տեղեկությամբ՝ վերջին օրերին եղել են քաղաքացիներ, որոնք խնդիրներ են ունեցել կապված տարբեր ավիաընկերությունների չվերթների չեղարկմամբ Չինաստանի մի շարք քաղաքներից:

«Պետք է իմանան, որ եթե տեսնում են օնլայն համակարգերով թռիչքներ, դրանք սպասարկելու են միայն ՌԴ քաղաքացիների, եթե Պեկին, Շանհայ, Գուանչժոու քաղաքներից չեն: Թռիչքներ ունեցողներին հորդորել ենք, որ իրենք չեղարկեն թռիչքները նախապես, այս պահի տեղեկությամբ ամբողջական վերադարձ են ստանում տոմսերի»,- նշեց նա:

Դավիթ Տաշչյանը նշեց, որ կան նաեւ քաղաքացիներ, որոնք Հայաստան վերդառանալու մտադրություն առայժմ չունեն:

Նշենք, որ  ՌԴ փովարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ  ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ կփակվեն գրեթե բոլոր օդային երթուղիները բացի Պեկին, Շանհայ, Գուանչժոու եւ Հոնկոնգ «Աերոֆլոտ»-ի կանոնավոր չվերթներից, ինչպես նաեւ Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայան Չինաստանի ավիաուղների կանոնավոր չվերթներից: