Քննությունը մեղադրանք է առաջադրել «Յապոնչիկ» մականունով հայտնի Վյաչեսլավ Իվանկովի սպանության հանցակիցներից մեկին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության քրեական հետախուզության համագործակցությամբ Վյաչեսլավ Իվանկովի սպանության վերաբերյալ քրեական գործի քննության շրջանակում ձերբակալել է Մուրթազ Շադանիային: Նրան առաջադրվել է ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով  (սպանություն) եւ 222-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի ապօրինի շրջանառություն) նախատեսված հանցագործությունների կատարման մեղադրանք»,- ասել է նա:

2009 թվականի ամռանը դիպուկահարը Իվանկովին ծանր վիրավորել էր Մոսկվայի Խորոշեւսկի խճուղու վրա գտնվող ռեստորանից դուրս գալիս: Յապոնչիկը մահացել էր մի քանի ամիս հետո:

Քննության վարկածով՝ Շադանիան Իվանկովի սպանությունը, որն այդ ժամանակ հանցավոր հիերարխիայում բարձր դիրք էր զբաղեցնում, իրականացրել է կազմակերպված խմբի կազմում:

«Շադանիան գաղտնի հետեւել է Իվանկովին՝ ապրելակերպը պարզելու եւ սպանության վայրը ընտրելու համար: Դրանից բացի, նա ապահովել է Մոսկվա զենքի փոխադրումը, որից հետագայում կրակել են զոհի վրա: Հարձակման օրը՝ 2009 թվականի հուլիսի 28-ին, մեղադրյալը մյուս հանցակիցների թվում հետեւել է հանցագործության վայրին հարակից տարածքներին՝ ապահովելով սպանությունը կատարելիս կազմակերպված խմբի անդամների անվտանգությունը»,- ասել է Պետրենկոն:

Նրա խոսքով՝ քննիչը դատարան է դիմել մեղադրյալին կալանավորելու միջնորդությամբ եւ շարունակում է պարզել իրագործված սպանության մանրամասները եւ բոլոր հանցակիցներին: