2016 թվականին «իսլամական ծայրահեղականության» համար 7 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի գործարար Արամայիս Ավագյանն ազատ է արձակվել գաղութ-բնակավայրից՝ կապված ժամկետի վերանայման հետ: ԱՄՆ դեսպանը ողջունել է նրա ազատ արձակումը:
Ուզբեկստանի Դիզակի շրջանի Պախտակորի շրջանից ֆերմեր ձկնաբույծ Արամայիս Ավագյանը ազատ է արձակվել, հաղորդում է Gazeta.uz-ը՝ հղում անելով Ուզբեկստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 19-ին Դիզակի շրջանային դատարանի վճռով Արամայիս Ավագյանը (ծնվել է 1982 թվականին Ադրբեջանում, ազգությամբ հայ, Ուզբեկստանի քաղաքացի, նախկինում դատապարտվել է Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 165-րդ (շորթում) եւ 166-րդ (կողոպուտ) հոդվածներով) դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 159-րդ (Ուզբեկստանի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն), 161-րդ (դիվերսիա), 169-րդ (կողոպուտ), 244-1-րդ (հասարակական անվտանգության եւ հասարակական կարգի համար սպառնալիք ներկայացնող նյութերի պատրաստում, հրապարակում կամ տարածում, պահպանում) եւ 244-2-րդ (կրոնական ծայրահեղական, անջատողական, ֆունդամենտալիստական կամ այլ արգելված կազմակերպությունների ստեղծում, ղեկավարում, մասնակցություն) հոդվածներով սահմանված հանցանք կատարելու համար ընդհանուր ռեժիմի գաղութում պատժի կրմամբ:
2016 թվականի մարտի 22-ին Դիզակի շրջանային դատարանի վերաքննիչ ատյանի որոշմամբ՝ այդ գործով վճիռը թողնվել է առանց փոփոխության:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, 2018 թվականի մայիսին Արամայիս Ավագյանը ընդհանուր ռեժիմի գաղութից տեղափոխվել է գաղութ-բնակավայր:
2020 թվականի հունվարի 31-ին Գերագույն դատարանի քրեական գործերի հարցերով դատական կոլեգիայի որոշմամբ՝ 2016 թվականի փետրվարի 19-ի եւ 2016 թվականի մարտի 22-ի վճիռները փոփոխվել են:
Այդ որոշմամբ՝ նշանակվել է պատիժ 4 տարի 4 ամիս եւ 27 օր ժամկետով: Այդպիսով, Արամայիս Ավագյանն ազատ է արձակվել գաղութից, քանի որ սահմանված պատիժը կրել է:
Ուզբեկստանում ԱՄՆ դեսպան Դենիել Ռոզենբլյումը ողջունել է ֆերմերի ազատ արձակումը: «Ուրախ եմ տեղեկանալ Արամայիս Ավագյանի ազատ արձակման մասին, ում անարդարացիորեն ազատազրկել էին իշխանության չարաշահման պատճառով: Մենք հուսով ենք, որ դա եւս մեկ քայլ է դեպի Ուզբեկստանում օրենքի գերակայության հաստատում»,- ասել է դիվանագետը:
Ուզբեկստանի իրավապաշտպաններն ու միջազգային իրավապաշտպան հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, ինչպիսք են՝ Amnesty International-ը եւ Human Rights Watch- ը, հայտարարել են, որ քննության ժամանակ Ավագյանն ու նրա ընկերները խոշտանգումների են ենթարկվել, իսկ գործի քննությունն անցել է կոպտագույն խախտումներով: Նրանք պաշտոնական Տաշքենդին կոչ են արել ազատ արձակել դատապարտվածներին:
Հայաստանի կառավարությունն առանց ուշադրության չի թողել ֆերմերի գործը: 2016 թվականին Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրիասյանը նամակ է հղել Ուզբեկստանի օմբուդսմենին եւ նրան խնդրել հատուկ ուշադրություն հատկացնել Ավագյանի ճակատագրին:
Ավելի վաղ Ավագյանի հարազատները հայտնել են, որ ֆերմերի եւ տեղի իշխանությունների հետ կոնֆլիկտը սկսվել է Պախտակորի շրջանում նրա ձկնային տնտեսության պատճառով: Նրանց խոսքով՝ շրջանի ղեկավար Գաֆուր Քարշիբաեւը փորձել է ապօրինաբար խլել բիզնեսը Ավագյանից, սակայն վերջինս հրաժարվել է հանձնել իր բիզնեսը:
Վկաները հայտնել են, որ պաշտոնյան բղավել է եւ սպառնացել նրան բանտ նստեցնել:





























