Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հինգշաբթի օրը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նեղ ձևաչափով բանակցությունների ընթացքում նրանք քննարկել են պատմական որոշ հարցեր, ինչպես նաեւ` հետխորհրդային այլ երկրների քաղաքականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք (Պուտին) իրոք շատ բաների մասին խոսեցինք, հասանք մի պետության մեջ մեր համատեղ կյանքի ճերմակած խորքերին, քննարկեցինք պատմական շատ տարեթվեր և պահեր, դրանք հայտնի են»,- ասել է Բելառուսի առաջնորդն ընդլայնված կազմով բանակցությունների սկզբում:
Լուկաշենկոյի խոսքով` հանդիպմանը քննարկվել են ոչ միայն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այլեւ` թեմաներ, որոնք վերաբերում են «մեր հարևաններից շատերին, նախկին Խորհրդային Միության երկրներին. այն քաղաքականությունը, որն այժմ վարում է մեր կողմից, նրանց կողմից»: «Մի խոսքով, մենք շատ բաների մասին խոսեցինք (նեղ կազմով), եւ, իհարկե, հասանք մեր ժամանակներին եւ որոշեցինք ոչ թե մենակ, այլ` այս գործընթացում ներգրավված մարդկանց հետ շարունակել մեր զրույցը»,- շեշտել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոյի խոսքով`ավելի ուշ բանակցություններում դադար կլինի, քանի որ որոշ հարցերի հնարավոր կլինի վերադառնալ, երբ կժամանեն Ռուսաստանի պատվիրակության անդամները, որոնց ինքնաթիռը Սոչիում եղանակային վատ պայմանների պատճառով ստիպված է եղել վայրէջք կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում: «Երկինքը, իբր, արդեն մաքրվել է, ուստի մենք կշարունակենք մեր զրույցն այդ ժամանակ, իսկ ընդհանրապես` շատ բան կա խոսելու, շատ բան կա անելու»,- եզրափակել է Լուկաշենկոն:





























