Մոլդովայի իշխանությունները Ուկրաինայի հյուպատոսին խնդրել են երկրից չհեռանալ, քանի որ նրա դեմ տեղական իրավապահ մարմիններին դիմում է ներկայացվել 17-ամյա աղջկա բռնաբարության վերաբերյալ: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ԱԳ նախարարությունից՝ ի պատասխան «СП» պարբերականի հարցման, հայտնում է 112.ua-ն: 

Ուկրաինական գերատեսչության տեղեկություններով՝ Մոլդովայի ԱԳ եւ եվրոպական ինտեգրացիայի նախարարությունը Ուկրաինայի դեսպանությանը հայտնել է, որ իրավապահ մարմինները քննություն են վարում դիվանագետի դեմ, ում կասկածում են Բելցի (Մոլդովա) քաղաքում հանցագործություն կատարելու մեջ:

«Մոլդովական կողմը խնդրանք է հայտնել, որ նշված անձը քննչական գործողություններ անցկացնելու ժամանակ Մոլդովայի տարածքը չլքի: Ուկրաինայի ԱԳՆ պետական քարտուղարը կարգապահական վարույթ է սկսել, որի անցկացման ընթացքում նշված դիվանագետը պաշտոնական պարտականությունների կատարումից հեռացվել է»,- հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 4-ի երեկոյան Բելցի քաղաքում երկու տղամարդ բռնաբարել են 17-ամյա աղջկա: Այս փաստը Deschide.md պարբերականի հետ զրույցում հաստատել էր Բելցի տեսչության մամուլի քարտուղար Ժաննա Մոլչանովան: Պարբերականի լրագրողները, իրավապահ մարմիններում սեփական աղբյուրներին վկայակոչելով, հայտնել են, որ կասկածյալներից մեկը Ուկրաինայի հյուպատոսության աշխատակից է: Նա չի ձերբակալվել, քանի որ դիվանագիտական անձեռնմխելիություն ուներ: Գործի երկրորդ ֆիգուրանտը 72 ժամով ձերբակալվել է մինչեւ հանգամանքների պարզումը: