Անտարկտիդայում տեղակայված արգենտինական գիտահետազոտական կայաններում միանգամից երկու ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել, հայտնում է La Nacion պարբերականը:

Հարավամերիկյան երկրի Ազգային օդերեւութաբանական ծառայությունից հայտնել են, որ Էսպերանսա գիտահետազոտական կայանում հինգշաբթի՝ փետրվարի 6-ին, ջերմաստիճանի սյունը տեղական ժամանակով կեսօրին հասել է Ցելսիուսի 18,3 աստիճան նիշին, որն առավելագույնն է 1961 թվականից իրականացվող դիտարկումների պատմության մեջ: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2015 թվականի մարտի 14-ին, Էսպերանսայում ջերմաստիճանը կազմել էր 17,5 աստիճան:

Արգենտինական մեկ այլ կայանում՝ Մարամբիոյում, հինգշաբթի ցերեկը ջերմաստիճանը կազմել է Ցելսիուսի 14,1 աստիճան: Սա 1971 թվականի փետրվարից ամենաբարձրն է: Նախկինում ռեկորդային էր համարվում 13,8 աստիճան ցուցանիշը, որը գրանցվել էր 2013 թվականի փետրվարի 24-ին:

«Անհրաժեշտ է ուշադիր վերաբերվել այն փաստին, որ վերջին տարիներին սահմանվել են մի քանի ռեկորդներ, իսկ Անտարկտիդայում ջերմաստիճանի բարձրացման միտումները ավելի հստակ են դրսեւորվում: Էսպերանսա կայանում ռեկորդային նիշը  բարձր է եղել գրեթե մեկ աստիճանով, դա շատ է: Եվ փոխվում են հենց առավելագույն ջերմաստիճանի ցուցանիշները: Նվազագույն  ցուցանիշների հետ կապված ռեկորդները չեն գերազանցվել»,- պարբերականի հետ հարցազրույցում նշել է Արգենտինայի Ազգային օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչ Սինդի Ֆերնանդեսը: Ընդ որում՝ նա միանշանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակը կապվա՞ծ է կլիմայի գլոբալ փոփոխության հետ: