Օրենքով հանրաքվեն ռեվերս անելու տարբերակ չկա. հանրաքվեն լինելու է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե ՍԴ դատավորները նախքան հանրաքվեն հրաժարական ներկայացնեն:
«Բայց քանի որ ապօրինություններ են տեղի ունենում, վաղն էլ կարող են հայտարարել, որ այլեւս հանրաքվե չենք անում, որովհետեւ ժողովուրդը հիմա էլ դա է պահանջում: Իրենք ամենից լավ գիտեն, թե ինչ է պահանջում ժողովուրդը: իսկ ժողովուրդը պահանջում է աշխատավարձերի, նպաստների բարձրացում, ճանապարհների վերանորոգում, այնպես անել, որ մարդիկ չարտագաղթեն, էնպես անել, որ բանակում զինվոր չզոհվի»,-ասաց Մարուքյանը:
Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ եթե հեղափոխության ժամանակ տառակերության հետեւից ընկնեին, հեղափոխությունը չէր լինի, իր իրեն մեղադրում են հեղափոխության ժամանակ ձեռքերը լվանալու մեջ, Մարուքյանն արձագանքեց. «Եթե ես սկսեմ պատմել, թե հեղափոխության ժամանակ այդ ասողներից ով ինչ է ասել եւ ինչով է զբաղված եղել այս կաբինետում այդ քննարկման ժամանակ, կարող է այդ մարդիկ իրենց խփեն, ինքնասպանության դիմեն: Իսկ ես չեմ ուզում ինքնասպանության դրդելու հոդվածով դատվեմ»:



























