SOCAR AQS-ը եւ Halliburton-ը հայտարարել են դրբեջանում նավթարդյունաբերության համար նյութերի եւ ծառայությունների լայն տեսականի տրամադրելու նոր համատեղ ձեռնարկություն հիմնելու վերաբերյալ Հուշագրի ստորագրման մասին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` համատեղ ձեռնարկությունը տեղակայվելու է Բաքվում, եւ իր գործունեությունն ուղղելու ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում մշակումներին եւ օպերացիաներին: Ակնկալվում է, որ SOCAR AQS-ը եւ Halliburton-ը կավարտեն համատեղ ձեռնարկության ստեղծումը եւ կսկսեն աշխատանքը 2020-ի երկրորդ եռամսյակում ՝ կողմերի կողմից համաձայնագրի դրույթների կատարման պայմանով:
Ներկայումս SOCAR AQS-ը 6 հորատման մեքենայով հորատումներ է իրականացնում Կասպյան տարածաշրջանի 4 ծովային նավթագազային հանքավայրերում տեղակայված 5 հանքահորերում, այդ թվում` Գյունեշլիում, Արեւմտյան Աբշերոնում եւ Բուլա-Դենիզում:
Ընկերությունը Թուրքիայում հորատման աշխատանքներ է իրականացնում Tuz Golu ստորգետնյա գազապահեստի ընդլայնման ծրագրի շրջանակներում: Դրանից բացի, SOCAR AQS-ն ավարտել է աշխատանքները Ուկրաինայում եւ Բանգլադեշում: SOCAR AQS-ը NEQSOL Holding-ի մաս է կազմում, իսկ դրա բաժնետերերը SOCAR-ը եւ Nobel Oil Services-ն են:
1919 թվականին հիմնադրված Halliburton ընկերությունը նավթարդյունաբերության ոլորտի համար արտադրանքի եւ ծառայությունների աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկն է:



























