Աջափնյակ վարչական շրջանի բոլոր մանկապարտեզներում թաղապետի հրահանգով մեկ շաբաթից ավելի է ստուգումներ են, ինչ որ բան են փնտրում, բայց չգիտենք, թե ինչ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աջափնյակի մանկապարտեզներից մեկը հաճախող երեխաներից մեկի ծնողը, որը չցանկացավ ներկայանալ, ինչպես նաեւ չնշեց, թե որ մանկապարտեզն է հաճախում իր երեխան, քանի որ մտավախություն ունի, որ տնօրենը եւ ուսուցչական կազմը թաղապետի հետ խնդիրներ կունենան։
Տիկնոջ խոսքով՝ սկզբում կարծել է, թե միայն իր երեխայի հաճախած մանկապարտեզում են նման ստուգումներ անցկացվում, սակայն հետո պարզել է, որ դրանք համատարած բնույթ են կրում. «Ես հարյուր տոկոսանոց ինֆորմացիա եմ տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, մեկ մանկապարտեզի շուրջ չէ, եթե մեկ մանկապարտեզի շուրջ լիներ, կմտածեի մի բան կա, որ ֆիքսվել են տվյալ մանկապարտեզի վրա։ Այսօր նույնիսկ մտել են եւ նկարներով համեմատելով երեխաներին ստուգել են, ճշտել են, թե որ երեխան է ներկա, որը չէ»։
Ծնողի խոսքով՝ իր բողոքի հիմնական պատճառն այն է, որ այդ ստուգումների հետեւանքով, երեխաների ուսումնական գործընթացը խաթարվում է։
«Շատ տհաճ են այդ գործողությունները։ Այդ տարիքի երեխաներին պետք է խիստ ուշադրություն, պարապմունքների ճիշտ հետեւողականություն, բայց ամեն օր ստուգողներին սպասող, եկող, գնացող, կեղտ փնտրող մարդկանց ներկայությամբ դաստիարակները ի՞նչ սրտով պետք է տրամադրվեն այդ լարվածության մեջ։ Ես, իմ եւ մյուս ծնողների անունից եմ ասում, որ որեւէ բողոք տվյալ մանկապարտեզից չունենք, շատ ուշադիր եւ սիրալիր են, շատ լավ խնամում են մեր երեխաներին։ Ես, որպես ծնող, պարզապես ուզում եմ հասկանալ, ի՞նչ են փնտրում, այնպիսի տպավորություն է, որ տեռորիստ են որոնում։ Պարոն թաղապետ, ի՞նչ ես փնտրում, երբ քո համայնքում լիքը խնդիրներ կան. արդեն 3–րդ օրն է, ես իմ երեխաներին տաքսիով եմ տանում մանկապարտեզ, քանի որ մայթերը խայտառակ վիճակում են, գուցե մեկ այլ բանի վրա ֆիքսվես, մի քիչ կոմֆորտ ստեղծես քո բնակիչների համար, շատ ավելի կարեւոր բաներ կան։ Պարոն թաղապետ, կասե՞ս՝ ինչու ես ոտքի կանգնել, ի՞նչ ես փնտրում, ի՞նչ ես ուզում»,– ասաց բնակիչը։
Աջափնյակ շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ստուգումներ իրականացնելու լիազորություններ չունեն, այլ միայն շրջայցեր կարող են անել։
«Ստուգում չասեմ, հաճախակի շրջայցեր ենք կատարում եւ իրենց աշխատանքն ենք համակարգում, որպեսզի իրենց մոտ թղթաբանությունը ճիշտ լինի, երեխաների թիվը ճիշտ լինի, որովհետեւ երեխաների թվով են իրենք ֆինանսավորվում, վերջիվերջո մեր ենթակայության տակ գտնվող կառույց են։ Այդպես ասված ստուգումները եղել են միշտ եւ վերջին շրջանում նոր հանձնարարական, նոր արտառոց ստուգումներ չեն իրականացվել։ Ամեն ինչ նույն բնականոն հունով է ընթանում»,– ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ իր համար զարամանալի է, որ ծնող ներկայացած անձն այդքան ինֆորմացված է ներքին խոհանոցից. «Կներեք, իսկ ծնողն ի՞նչ պետք է իմանա, թե մենք մանկապարտեզում ինչ ստուգում ենք իրականացրել, գուցե ծնողի անվան տակ այլ մարդ է եղել։ Երեխաները դժվար թե հասկանան, թե մենք մանկապարտեզում ինչ թուղթ ենք ստուգում, դժվար թե հասկանան՝ մենք նկարներով ենք ստուգում երեխաների թիվը, թե ոչ, երեւի եղել են այլ մարդիկ, ոչ թե ծնողներ։ Համենայնդեպս, իմ կողմից լրացուցիչ հրահանգ չի եղել, որպեսզի ավելի խստացված ռեժիմով լինեն շրջայցերը»։
Բաբայանի խոսքով՝ ստուգումներն ամենօրյա բնույթ են կրում եւ համապատասխան մասնագետները, հնարավոր է, ամեն օր մի մանկապարտեզ գնան։
«Մեր ենթակայության տակ են գտնվում, մենք ենք իրենց ֆինանսավորում եւ տված սուբսիդիայի շրջանակում պետք է տեսնենք՝ արդյունավե՞տ են ծախսվում տրված ֆինանսական միջոցները, թե ոչ, օրենքից շեղվո՞ւմ են, թե ոչ»,– ասաց Բաբայանը։
Անդրադառնալով՝ ծնող ներկայացած անձին եւ ստուգումների հետեւանքով երեխաների ուսումնական պրոցեսը խաթարելուն, Բաբայանը պատասխանեց. «Ծնողն այդ մասին որտեղի՞ց է իմանում, երեխաները դժվար թե հասկանան, թե մենք տնօրենի սենյակում ինչ թուղթ ենք ստուգում եւ այդ ընթացքում իրենց նկատմամբ խնամքը, հոգատարությունն ինչո՞վ են խաթարվում։ Երեւի թե տնօրեններն են բողոքել , ու ես այսպիսի մի բան եմ հասկանում, երեւի թե քաղաքապետի տեղակալ պարոն Տիգրան Վիրաբյանի երեկվա հարցազրույցը սխալ են ընկալել, թե ստուգումներ իրականացնելը սխալ է, ճիշտ չեն հասկացել»։
Պատասխանելով հարցին՝ արդյոք այս գործընթացի նպատակն այն չէ՞, որպեսզի նախկին իշխանությունների ժամանակներից աշխատող տնօրեններին աշխատանքից ազատեն, Բաբայանը պատասխանեց. «Աջափնյակ վարչական շրջանում 16 մանկապարտեզ ունենք, ընդամենը 1 մանկապարտեզի տնօրեն է մինչեւ հիմա փոխվել։ Մեկ տարի 4 ամիս է ես այստեղ եմ եւ մնացած 15 մանկապարտեզներում ոչ մեկը չի ազատվել, եթե ցանկություն ունենայի միանշանակ կփոխեի, բայց եթե մարդիկ լավ են աշխատում, ինչի՞ ազատենք»։




























