«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երեկ երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: 

ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում: 

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների հետ բանակցելու նպատակով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Իսպանիա եւ Ֆրանսիա: 

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ են հիմնականում վարվում իսպանացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Այտոր Կարանկայի եւ արգենտինացի Սանտյագո Սոլարիի հետ:

Ի դեպ, բանակցություններ ընթանում են նաեւ ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի հետ: 

Հավելենք, որ Կարանկան Մադրիդի «Ռեալում» Ժոզե Մուորինիոյի օգնականն էր, իսկ «Միդլսբրոյ» ակումբը նրա գլխավորությամբ հաղթել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունը (Չեմպիոնշիպ) եւ տեղափոխվել Պրեմիեր լիգա:

Սոլարին ժամանակին մարզել է Մադրիդի «Ռեալը»:

Միշել Տեր-Զաքարյանը ներկայումս ֆրանսիական «Մոնպելիե» ակումբի գլխավոր մարզիչն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում