Երգիչ Հայկ Ստվերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երգի ստեղծման առաջարկ է ստացել իր վերջին բանաստեղծության հիման վրա։ Այս մասին երգիչը գրել էր իր ֆեյսբուքյան էջում, ապա ջնջել էր գրառումը։
NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «ջնջել է գրառումը չափից ավելի ակտիվության պատճառով»:
Հարցին՝ անձամբ վարչապետն է առաջարկե՞լ, թե՞ նախաձեռնությունն իրենն էր, երգիչն ասաց․ «Ինքն է առաջարկել»։
Երգիչը նաև ասաց, որ եթե երգում փոփոխություններ չլինեն, մեկ շաբաթից պատրաստ կլինի, սակայն հավելեց, որ շտկումներ միշտ լինում են։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն՝ ապրիլի 5-ի կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել ֆեյսբուքյան իր էջում։
«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:
Հանրաքվե
Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:
Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:
Ազատությանը Այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում,
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:
Այո եմ ասում Նոր Հայաստանին,
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:
Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
Իր ապագային ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»:




























