Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է հավաքների ազատության իրավունքին: Նա, մասնավորապես, նշել է.

«Խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի պաշտպանությունն առաջնահերթ է ոչ միայն սոսկ որպես չափազանց կարեւոր քաղաքական իրավունք, այլեւ այն պատճառով, որ այս իրավունքի արդյունավետ իրացումը հասարակությանը հնարավորություն է տալիս պաշտպանել նաեւ մարդու այլ հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի իրացմանն իմ այս անդրադարձը կներկայացնեմ Օմբուդսմենի առաքելության երեք հարթություններից, 1. որպես քաղաքական երկխոսության միջնորդ, 2. որպես մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդ, 3. որպես անհատական գործերով մարդու իրավունքների պաշտպան:

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից առնչվեցի հավաքների ազատության իրավունքի հետ կապված բողոքի եւ նշված իրավունքի պաշտպանության անհրաժեշտության հետ: Մարտի 3-ին հաղորդում ստացա ՀՀ կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրի արգելքի դեմ բողոքող անձանց եւ ԱԺ «Ժառանգությունե խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում մարդու իրավունքների խախտումների ու ոստիկանների կողմից լիազորությունների վերազանցման վերաբերյալ: Տեղեկացվելուն պես անհապաղ Հանրապետության հրապարակ մեկնեցին իմ ներկայացուցիչները, ապա՝ նաեւ ես:

Դեպքի վայրում ականատես լինելով արդեն ավարտված միջադեպի՝ գրավոր դիմեցի ոստիկանությանը՝ առաջարկելով լրիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելիս հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլեւ միջադեպի ականատեսների վկայությունները: Ոստիկանությունն ի պատասխան իմ գրության հայտնեց, որ հարցը քննարկվել է ՀՀ ոստիկանության կոլեգիայում, եւ որ ոստիկանության վերակարգի ծառայողները հասարակական կարգն ապահովելու նպատակով իրենց իրավասության սահմաններում իրականացրել են համապատասխան իրավաչափ գործողություններ՝ կանխելու հավաքվածների կողմից անօրինական գործողությունները:

Ցավոք, ՀՀ ոստիկանությունը քննության ժամանակ չընդունեց իմ առաջարկած սկզբունքը, ինչն ամենեւին չի նպաստի ՀՀ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության հետագա ամրապնդմանը: Այսուհանդերձ, «Ժառանգություն» խմբակցությունը դեռեւս չի սպառել միջադեպը քննելու եւ իրավական գնահատական տալու լիազորություն ունեցող բոլոր ատյանները, եւ գործն այժմ գտնվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որտեղ միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների անունից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդական իմ գործառույթի շրջանակներում ես կշարունակեմ հետեւել այս գործի ընթացքին եւ հանգուցալուծմանը:

Խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի պաշտպանության համատեքստում մարտի 21-ին անդրադարձել եմ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլ իրականացնելու ընթացքում վրան տեղադրելու արգելքին՝ գնահատելով այն որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ոստիկանության գործողությունները` ոչ իրավաչափ, քանզի անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում: Դրական գնահատելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը չխոչընդոտեց վրան տեղադրելու իմ հայտարարությանը հաջորդած փորձին` այնուամենայնիվ անհրաժեշտ է նշել, որ ոստիկանությունն անհետեւանք թողեց վրան տեղադրելուն խոչընդոտող ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները:

Հասարակական եւ քաղաքական երկխոսության միջնորդական իմ գործառույթի շրջանակներում ողջունում եմ այն փաստը, որ սույն թվականի մարտի 17-ին ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ վերջինիս մասնակիցները կարողացան ոստիկանության հետ բանակցությունների եւ քաղաքակիրթ երկխոսության արդյունքում անարգել մուտք գործել Ազատության հրապարակ:

Միաժամանակ ցանկանում եմ շեշտել, որ խաղաղ հավաքների իրավունքի ինչպես ոչ իրավաչափ սահմանափակումը, այնպես էլ չարաշահումը դիտարկվում է ոչ միայն որպես ժողովրդավարության սկզբունքներից էական շեղում, այլեւ պետության եւ քաղաքացիական հասարակության կայունության լուրջ սպառնալիք: Այս իրավունքի ապահովումը պահանջում է հավաքների ազատության անխափան իրացումն ապահովելու պետության պոզիտիվ պարտավորությունը:

Ցանկացած սահմանափակում պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, նախապատվությունը պետք է տրվի նվազագույն միջամտությանը: Այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության կապակցությամբ պետք է գտնել հստակ հավասարակշռություն հավաքների ազատության իրավունքի իրականացման եւ դրա հետ հակասության մեջ մտած` երրորդ անձանց իրավունքների ու օրինական շահերի միջեւ:

2004թ. ապրիլի 28-ին ընդունվել էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինե ՀՀ օրենքը, որում կային մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնք պատճառ էին դառնում հակասական մեկնաբանությունների ու կիրառության, ինչպես նաեւ հանգեցնում հավաքների ազատության անհարկի սահմանափակմանը: Մասնավորապես, ամբողջությամբ կամ մասամբ խախտված էր հօգուտ հավաքների անցկացման կանխավարկածը, բացակայում էին հավաքներն արգելելու կամ հավաքը դադարեցնելու դեպքերի կիրառման հստակ չափանիշները, հստակ սահմանված չէին իրավասու պետական մարմինների լիազորությունները, արդյունավետ չէին հավաքների իրազեկման ընթացակարգը կանոնակարգող դրույթները, ինչպես նաեւ այս իրավունքի դատական պաշտպանության մեխանիզմները:

2011թ. ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հավաքների ազատության մասինե ՀՀ օրենքը, որի նախագիծը մշակվել էր 2010թ. Պաշտպանի եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից: Օրենքում հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ կողմից արված առաջարկությունները։ Ընդունված օրենքի գործողությունն այլեւս չի տարածվում բոլոր տեսակի «միջոցառումների» վրա, այլ սահմանափակվում է միայն «հավաքներով»:

Պարզ ու հասկանալի է հավաքների երկու հիմնական տիպերի` իրազեկման ենթակա եւ իրազեկման ոչ ենթակա հավաքների միջեւ տարբերակումը, հստակ սահմանվում է այն  վայրերի շրջանակը, որտեղ  արգելվում է հավաքների անցկացումը: Օրենքն ամրագրել է նաեւ այն սկզբունքային մոտեցումը, որ քանի դեռ հավաքը մնում է խաղաղ, այն չի կարող դադարեցվել ոստիկանության կողմից։ Կարծում եմ` ընդունված օրենքն առավելագույնս կնպաստի հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի ապահովմանը, իսկ ես` իմ իրավասության շրջանակներում, շարունակելու եմ հետեւել հավաքների ազատության ապահովմանը եւ կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցներն այս իրավունքի ցանկացած խախտում վերացնելու ուղղությամբ:

Նոր ընդունված դրական կարգավորումների պարագայում չափազանց կարեւոր է ՀՀ ոստիկանության եւ համայնքի ղեկավարների կողմից այս օրենքի ու Հայաստանի ողջ օրենսդրության ճշգրիտ եւ պատշաճ կիրառումը: Ոստիկանության պարագայում հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ այն տիրապետում է պետական համակարգի ուժային մեխանիզմի էական բաժնին եւ հենց ուժեղի դիրքից պետք է ավելի հանդուրժող, մեծահոգի եւ մարդասեր գտնվի ցանկացած իրավիճակում, հատկապես խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի իրացման դեպքերում՝ իհարկե պահպանելով ու կարեւորելով նաեւ հանրային կարգը, մարդկանց անդորրն ու հասարակության բնականոն կենսագործունեությունը»: