Շուրջ մեկ ամիս առաջ հայտարարված ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկերից Շիրակի մարզից սահմանափակ թվով գյուղացիներ են օգտվել: Այդ պատճառով Շիրակի մարզպետարանը որոշել է միջնորդ հանդիսանալ եւ հանդիպում կազմակերպել գյուղապետերի եւ Գյումրիում գործող առեւտրային բանկերի ներկայացուցիչների հետ: Բանկային ոլորտի մասնագետները ներկայացրել են վարկավորման պայմանները, որոնց գյուղապետերը հավանություն չեն տվել:
«Վարկի տրամադրման համար պարտադիր է գույքի գրավադրումը»,-հայտարարել է «Հայբիզնեսբանկի» Գյումրիի մասնաճյուղի կառավարիչը Լյովա Գասպարյանը: Իսկ գյուղապետերը դժգոհել են, թե համայնքները չունեն գրավադրման համար անհրաժեշտ գույք, միակ գույքը հնամաշ տեխնիկան է, որը բանկերում չեն գրավադրում:
«Մեր համագյուղացին, որը 2 տրակտոր ունի, գնացել էր գրավադրելու իր ունեցածը, նրան ասել էին` տրակտոր չենք գրավադրում, մեզ մարդատար մեքենաներ են պետք: Դա էլ որ լինի, ուրիշ բան են պահանջելու»,-գյուղապետեր եւ բանկերի կառավարիչներ հանդիպման ժամանակ հայտարարել է Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը:




























