«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության սպայական կազմի մի մեծ խումբ` ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի թեւի ներկայացուցիչները, որոշ գնահատականների համաձայն` մի քանի հարյուր հոգի, «Օջախ» ռեստորանում նշել են իրենց տոնը:
Ըստ լուրերի, Ներսես Նազարյանի թեւի ներկայացուցիչներն այսպիսով ցանկացել են ընդհանուր ոստիկանությունից առանձնանալ` միաժամանակ ընդգծելով ոստիկանական համակարգում ունեցած իրենց ազդեցության չափը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում ասել է, որ «Օջախ» ռեստորանում երեկ ոստիկանության կողմից պաշտոնապես ոչ մի միջոցառում չի կազմակերպվել: Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ոստիկանության առանձին սպաներ են ինչ-որ միջոցառում կազմակերպել, Ահարոնյանը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ:
Նա չի բացառել, որ «Օջախում» առանձին ոստիկաններ ինչ-որ առիթով հավաքվեին: Սակայն, ըստ Ահարոնյանի, դա ՀՀ ոստիկանության հետ կապ չունի: «Մեր տեղեկություններով, վերջին շրջանում ոստիկանությունում հիմնական քննարկման թեման դարձել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Ներսես Նազարյանի հակասությունները, եւ բոլորը փորձում են կռահել, թե նրանցից ով կհաղթի»,-գրում է թերթը:




























