Հայաստանի վարչապետը տեղյակ է փաստին, որ Շիրակի մարզից որոշ գործարարներ հեռանում են դեպի Վրաստան, սակայն դա, ըստ նրա, համատարած բնույթ չի կրում: Այս մասին, ապրիլի 20-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ:

«Այդ հարցին ես տեղյակ եմ, բազմաթիվ անգամներ բարձրաձայնվել է այդ մասին: Մենք ունենք պայմանավորվածություն վրացի մեր գործընկերների հետ, որ քննարկման առարկա են դառնալու առարկայական բոլոր դեպքերը, սակայն այդ երեւույթը համատարած չէ: Մենք հանդիպել ենք Վրաստանի վարչապետի ու ներքին գործերի նախարարի հետ, այդ երեւույթը չկա»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզի Բերդաշեն համայքնում:

Այնուհետեւ անդրադառնալով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի օրերս հրապարակած դիտարկմանը, թե Հայաստանում աղքատությունը մեծ չափերի է հասնում, Տ. Սարգսյանն ասել է. «Պիտի օմբուդսմենը հայտարարեր, նոր իմանայի՞նք, որ աղքատ ենք: Հայաստանում աղքատության մակարդակի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ կան:  Պետական վիճակագրական ծառայությունը մշտապես  հաշվետվություններ է ներկայացնում, հաշվառում է աղքատների, ծայրահեղ աղքատների մակարդակը: Դրա համար իրականացնում ենք աղքատության կրճատման ծրագրեր»: