Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բիսմիլի շրջանի «Արդարություն եւ զարգացում» կուակցության գրասենյակը հրդեհվել է, երբ ոստիկանությունը կրակ է բացել քուրդ ցուցարարների ուղղությամբ, որի հետեւանքով 1 ցուցարար է զոհվել:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բիսմիլի շրջանի ղեկավար Հուսեյն Յաղմուրը հայտնել է, որ ոստիկանության կողմից քուրդ ցուցարարներից մեկին սպանելու եւ մի քանիսին վիրավորելուց հետո անհայտ անձիք ներխուժել են գրասենյակ եւ այն հրդեհել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Բարձրագույն խորհուրդը վետո է դրել մի շարք քուրդ գործիչների մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչներն այս որոշման մեջ մեղադրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ հայտնել, որ քննարկում են ընտրությունները բոյկոտելու տարբերակը։

Այս որոշումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ բնակչության մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։