Ադրբեջանի դիրքորոշումը, որ փորձում է միջազգային հանրությունից թաքցնել ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի մասին, սպառնում է բոլոր օտարերկրացիներին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, պարզապես անթույլատրելի է: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հայ-բրիտանական բարեկամության խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով նոր է ԼՂՀ-ից վերադարձել բրիտանացի պատգամավորների խմբի հետ:

Այդ համատեքստում նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին խիզախության համար, քանի որ նրանք, չնայած Բաքվի սպառնալիքներին եւ շանտաժին, այցելել են Լեռնային Ղարաբաղ: Ըստ Քոքսի` Բաքուն վախենում է ճշմատությունից, որ օտարերկրացիները, այցելելով Լեռնային Ղարաբաղ, կիմանան ճշմարտությունը:

Խոսելով իր տպավորությունների մասին` Քերոլայն Քոքսը, մասնավորախես, հայտարարել է, թե այնտեղ մեծ առաջընթաց կա բոլոր ոլորտներում: «Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումներում ես հավաստիացա, որ հենց հայկական կողմն է զիջումների գնացել բանակցային գործընթացում»,- ասել է բարոնուհին` ընդգծելով Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտությունը: