Տնտեսական աճի զրոյական ցուցանիշը վառ արտացոլում է Հայաստանի տնտեսության իրավիճակը՝ այն դոփում է տեղում: Այսօր՝ ապրիլի 21-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011թ. մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 0 տոկոս: 

«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը նույն ասուլիսի ժամանակ նշել է, որ քանի դեռ կառավարությունը չի կարողանում տարբերել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի ներքին խնդիրներից, տնտեսությունը տեղից չի շարժվի:

«ԱՊՀ որոշ երկրներ զգալիորեն շահեցին համաշխարհային ճգնաժամից` ապահովելով խորհրդանշական գներով սարքավորումների զանգվածային ներկրում այն զարգացած երկրներից, որտեղ ճգնաժամն ունեցել էր անմիջական ազդեցություն: Ակնհայտ է, որ Հայաստանը չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից եւ արդիականացնել իր տնտեսությունը, քանի որ մեր իշխանությունները հարկային արտոնություններ են տվեցին միայն խոշոր ընկերություններին»,- ասաց Թ. Մանասերյանը: