Թուրքիան ժամերի ընթացքում քաոսի վերածած Բարձրագույն ընտրական խորհրդի որոշումը փոխվել է: Վետոյի տակ հայտնված քուրդ թեկնածուները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը ապրիլի 21-ին 8 ժամանոց քննարկումներից հետո որոշում կայացրեց թույլատրել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության կողմից աջակցվող 7 անկախ թեկնածուների առաջադրումը առաջիկա հունիսի 12-ի ընտրություններին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Բարձրագույն խորհուրդը վետո էր դրել մի շարք քուրդ գործիչների մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչներն այս որոշման մեջ մեղադրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ հայտնել, որ քննարկում են ընտրությունները բոյկոտելու տարբերակը։
Այս որոշումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ բնակչության մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով այդ քաղաքներում քաոսային իրավիճակ էր ստեղծվել:





























