Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի կրտսեր եղբայրը եւ երկու զարմիկները ուրբաթ օրը Էր Ռիադում ձերբակալվել էին պետական դավաճանության մեղադրանքով։ Ինչպես հայտնել է լիբանանյան Al-Akhbar թերթը, արքայազներ Ահմեդ բեն Աբդել Ազիզին, Մուհամմեդ բեն Նաիֆին եւ նրա եղբայր Նավաֆու բեն Նաիֆին, թագավորության օրենքների համաձայն, մահապատիժ է սպառնում կամ լավագույն դեպքում ցմահ ազատազրկում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թերթի տեղեկատվությամբ, բոլոր երեքը կալանավորվել են թագավորական տան պահպանության ծառայության կողմից, եւ նրանց տներում մանրազնին խուզարկություններ են կատարվել։ Կալանավորվածների գտնվելու վայրն անհայտ է, նշում է Al-Akhbar-ը։

Թագավորի կրտսեր եղբայրը թագավորական ընտանիքի այն անդամների վերջին հույսն էր համարվում, որոնք թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի բարեփոխումների դեմ են տրամադրված եւ քննադատում են նրան Վաշինգտոնի առաջարկած «դարի գործարքի» դեմ թույլ արձագանքելու համար։

«Արքայազն Ահմեդ բեն Աբդելը Ազիզը կամավոր աքսորի մեջ էր Մեծ Բրիտանիայում եւ սպառնալիք չէր ներկայացնում»,- նշում է թերթը։ Սակայն թերթի տեղեկություններով՝ թագաժառանգ արքայազնը պնդել է, որ նա վերադառնա հայրենիք, եւ դիմել է ԱՄՆ-ին աջակցելու համար։ «Արքայազն Ահմեդը մի քանի ամիս առաջ վերադարձել է Լոնդոնից՝ երաշխիքներ ստանալով ՀԿՎ-ից»,- նշում է Al-Akhbar-ը։