Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում Թուրքիայի ներկայացուցիչների հետ մշակում են Ուկրաինայում հարվածային անօդաչուների համատեղ արտադրման պլաններ, հայտնում է ASPI News-ը։
Այս մասին մարտի 4-ին Ժիտոմիրի մարզ աշխատանքային այցի շրջանակներում պատմել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկը։
«Մեզ մոտ Պետական պաշտպանական պատվերում այս տարի մեծ քանակով անօդաչուներ կան։ Ինչպես գիտեք, որոշ անօդաչուներ մենք Թուրքիայից ենք ստանում, նրանք են արտադրում»,- ասել է նախարարը։
Զագորոդնյուկը նշել է, որ այժմ մշակվում են Թուրքիայի հետ Ուկրաինայում միասին անօդաչուներ արտադրելու պլաններ։
«Մենք ունենք այդպիսի ծրագրեր, եւ Թուրքիան պատրաստ է աշխատել մեզ հետ այդ հարցում։ Անօդաչուն շատ հեռանկարային զենք է, այն չափազանց արդյունավետ է։ Այժմ Թուրքիան ապացուցում է դա իր ռազմական գործողություններում»,- ընդգծել է Անդրեյ Զագորոդնյուկը։



























