Նյու Յորքի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ են մտցրել, շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես պաշտոնապես արտակարգ իրավիճակ եմ հայտարարել, ինչը մեզ որոշակի իրավասություններ է տալիս»,- ասել է նա։ Մամուլի ասուլիսը հեռարձակել են Twitter-ում։

Կուոմոյի խոսքերով՝ արտակարգ իրավիճակի ռեժիմը թույլ կտա կիրառել գնումների արագացված պրոցեդուրաներ եւ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար աշխատակիցների վարձում։ Ընդ որում, նա բնակչության համար սպառնալիքը ցածր է գնահատել։

Նրա խոսքերով՝ ախտորոշված հիվանդների թիվը օրվա ընթացքում ավելացել է 21-ով՝ հասնելով 76-ի, որոնցից միայն 10 մարդ է հոսպիտալացվել։

Ավելի վաղ հայտնում էին, որ կորոնավիրուսից մահվան դեպքերը ԱՄՆ-ում հասել են 17-ի, հիվանդների թիվը անցել է 300-ից։ Նյու Յորքում մահվան դեպք առայժմ չկա։