Բուենոս-Այրեսում շուտով բացվելու է Լատինական Ամերիկայի տարածքում գրահրատարակչական  արդատրանքի ամենամեծ միջազգային ցուցահանդես-վաճառքը:  Բուենոս-Այրեսը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից հայտարարվել է 2011 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք: Դա արդեն 37-րդ նման ցուցահանդեսն է, որն անցկացվում է «Քաղաքը բաց է գրքերի աշխարհի համար» խորագրով: 

Արգենտինայի մայրաքաղաքում իրենց արտադրանքն են ներկայացնելու մեկ ու կես հազար խոշոր հրատարակչություններ 42 երկրներից, այդ թվում եւ Հայաստանից եւ Ուկրաինայից:

Բացման արարողության ժամանակ պատվավոր հյուրերի շրջանում կարելի է հանդիպել հայտնի գրողների, Արգենտինայի կառավարության ներկայացուցիչների, դիվանագետների, Բուենոս-Այրեսի քաղաքապետին, ինչպես նաեւ հազարահոր շարքային ընթերցասերների: Արգենտինայի Կրթության նախարար Ալբերտո Սիլեոնիի խոսքով, երկրում նախորդ տարի հրատարակվել է շուրջ 26 հազար գիրք, որոնց ընդհանուր տպաքանակը կազմել է 76 միլիոն օրինակ:

Նշենք, որ 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք է հայտարարվել Երեւանը: