Մարտի 8-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի 35 շաբաթական պտուղը մահացել է: NEWS.am-ի հետ զրույցում ծննդատան վարիչ Վարդան Ռափյանն ասաց, որ ծննդկանի մոտ ընկերքի մեծ մակերեսով շերտազատում է եղել, որը նախօրոք  հնարավոր չէր կանխատեսել:

«Մեծ մակերեսով անջատվել է ընկերքը եւ տեղի է ունեցել պտղի ներարգանդային մահ: Քանի որ հղին էլ պատրաստ չի եղել ծննդաբերելու, վիրահատություն է  կատարվել մոր կյանքը չվտանգելու համար: Այս պահին ծննդկանի վիճակը կայուն է»,-ասաց նա նշելով, որ վիրահատությունը կատարվել է բժիշկ Ռոբերտ Մելիքյանի կողմից:

Ռափյանը հավելեց, որ ծննդկանը հաշվառված է եղել «Սլավմեդ» բժշկական կենտրոնում եւ մինչ այդ որեւէ խնդիր չի ունեցել:

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը  հայտնել էր, որ  մարտի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդկան, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Գայանե Մ.-ի ծննդաբերության ժամանակ բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է:

Ըստ կայքի տեղեկությունների հարազատները պտղի մահացության մեջ մեղադրում են բժշկին: