Երկար տարիներ շարունակ Երեւանի ՋԷԿ-ը կարողացել է կուտակել վարկային պարտքեր, որոնք փաստացի ոչ մի կապ չունեն նրա անմիջական գործունեության հետ: Այս մասին մարտի 10-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի ՋԷԿ-ը արդեն շատ տարիներ ըստ նշանակության չի օգտագործվում եւ կուտակել է դեբիտորական, ինչպես նաեւ վարկային պարտքեր: «Օրինակ՝ Երեւանի ՋԷԿ-ը պարտքով փող է վերցրել Համաշխարհային բանկից, վճարել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը, այնուհետեւ սկսել է վարկը մարել գազի վճարման համար հատկացված միջոցներից, բայց դրա հետ մեկտեղ գազի դիմաց չի վճարել: Առաջացել են անհուսալի դեբիտորական պարտքեր, կան նաեւ վարկերի պարտքեր, որոնք ոչ մի ընդհանուր կապ չունեն Երեւանի ՋԷԿ-ի կանոնադրական գործունեության հետ»,- պարզաբանեց Վարդանյանը:

Ընդ որում՝ պաշտոնյան շեշտեց, որ այս որոշումներն ընդունվել են ավելի բարձր մակարդակում՝ Կառավարության մակարդակում: Նա հայտնեց, որ գազի դիմաց պարտքերը կազմում են շուրջ 30 մլն դոլար:

Հակոբ Վարդանյանը միաժամանակ ընդունեց, որ «Նաիրիտը» եւ «Վանաձոր-Քիմպրոմն» իրենց հերթին պարտք են Երեւանի ՋԷԿ-ին, որն իր հերթին պարտք է «Որոտան» ՓԲԸ-ին: