Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով եկեղեցիները կվարակազերծվեն:
Հարկ է նշել, որ մինչ այս Վրաստանի Ուղղափառ եկեղեցին հրաժարվում էր որեւէ միջոց ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Անցած շաբաթ պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ զանգվածային ծեսերի անցկացումը դադարեցվել է, իսկ եկեղեցիների շենքերի եւ հարակից տարածքները մաքրվել են սուրբ ջրով:
Իշխանություններն հորդորել են վարակազերծել մարդկանց կուտակման վայրերը, հասարակական տրանսպորտը, ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները:
Դատարանների շենքերում արդեն վարակազերծման աշխատանքներ են կատարվել, պրոցեսը շարունակվում է: Վարակազերծվել է մի քանի մզկիթ:
Դատարանի աշխատակիցները, որոնք գտնվել են կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկ ունեցող երկրներում, մեկուսացվել են:
Մարտի 10-ին Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 15 մարդու մոտ: Ընդ որում, մասնագետները չեն բացառում, որ վարակվածների թիվը կարող է աճել:
Այդ կապակցությամբ Վրաստանը չեղարկել է Իրանի, Չինաստանի եւ Իտալիայի հետ ավիահաղորդակցությունը: Բացի, այդ երկրում պարտադիր կարանտին է սահմանվել Իրանում, Չինաստանում, Իտալիայում եւ Հարավային Կորեայում գտնված անձանց համար:
Մինչեւ մարտի 16-ը փակ են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, չեն աշխատում նաեւ թատրոններն ու թանգարանները:
Իշխանությունների խոսքով՝ խուճապ չկա, սակայն նրանք արտասահմանից վերադարձած անձանց հորդորում են ժամանումից 14 օր հետո չշփվել մարդկանց հետ, իսկ նրանց, ովքեր գտնվում են Վրաստանում, խորհուրդ են տալիս արտասահման չմեկնել:




























