Ինչու երկար տարիներ Հայաստանում հեղափոխությունը տեղի չէր ունենում, որովհետեւ երբ մարդկանց ասում էինք՝ ոտքի ելնենք, փոխենք, ասում էին՝ դե լավ, մենք ի՞նչ կարող ենք անել, դու ի՞նչ կարող ես անել, քաղաքացին ո՞վ է. բայց մենք ցույց տվեցինք, թե քաղաքացին ով է: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եղել են դեպքեր, որ մարդուն տուն են տվել սեպտեմբերին, երկու ամիս անց, եկել ասել է՝ հոսանքի փողը չեմ կարողանում վճարել, անջատել են: Հոսանքի փողը վճարել են, ասել են՝ ամեն ամիս հոսանքի փող կտանք: Եկել ասել է՝ այդ փողը չի հերիքում, որ տունը ջեռուցենք: Պարզ է, որ մենք պետք է քաղաքացու կողքին լինենք, բայց եթե չենք օգնում, որ նա ոտքի կանգնի: Դա վատություն է մարդուն, մենք պետք է օգնենք, որ մարդը զարգանա, իր ուժերին հավատա»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երկու օր առաջ Ստեփանավանում կուրթանցի Մեխակ Առաքելյանի հետ ունեցած իր խոսակցությանը, որտեղ ինքը մի փոքր ագրեսիվ էր արձագանքել երիտասարդին: «Ասում են, որ այդպիսի խոսակցություններում ես ինձ մի քիչ ագրեսիվ եմ պահում, ու դա ճիշտ է: Բայց դա պատճառ ունի, ու դա կապ ունի Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքի հետ»:
Նիկոլ Փաշինյանը մի հատված ընթերցեց այդ պատմվածքից՝ նշելով, որ դա մոր երկխոսությունն է տղայի հետ, որտեղ ասում է. «Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես»: Իմ ագրեսիվությունը դրա հետ է կապված, որովհետեւ ես ատում եմ ՀՀ քաղաքացու խեղճությունը: Ես չեմ ուզում, որ ՀՀ քաղաքացին խեղճ լինի, որովհետեւ Հրանտ մաթեւոսյանի պատմվածքում մորը դիմում է որդում, ասում է՝ քոնը խիղճ չի, խեղճություն է: Մենք բոլորս պետք է ատենք մեր խեղճությունը, որովհետեւ մենք ՀՀ հպարտ քաղաքացի ենք, նոքար չենք, մենք տանտեր ենք, մենք արժանապատիվ ենք, մեր Արցախում հաղթած, Արցախում զոհված ազատամարտիկների հետնորդներն ենք: Մենք պատասխանատվություն ունենք նրանց առաջ: Մենք մեկին խեղճ տեսնելիս չպետք է գնանք ու նրան ավելի խեղճացնենք: Մենք պետք է կռիվ տանք էդ անձի խեղճության դեմ, պետք է ասենք՝ չենք թողնելու, կռիվ ենք անելու, ագրեսիվ ենք լինելու»:
Նա հայտարարեց, որ այս հանրաքվեն նաեւ դրա համար է. «Հեղափոխությունը ընդդեմ խեղճության էր, ընդդեմ հայի լալկանության էր: Մենք պետք է հաղթահարենք էն կերպարը, որ հայ գաղթականը ցուպը ձեռքին, աշխարհեաշխարհ է անցնում: Չկա աշխարհեաշխարհ, կա Հայաստան, կա Արցախ, եւ կա հպարտ քաղաքացի:
Եվ ես բոլոր մեխակների հետ էդ կռիվն ունեմ, որովհետեւ ես էլ Մեխակի նման մի տղա եմ՝ ծնված Իջեւանի մի սովորական ընտանիքում, որին անընդհատ ասել են՝ մեջք պետք է ունենաս, պետք է վիզդ ծռես, բայց Աստծո օգնությամբ մենք պետք է հավատանք ինքներս մեզ: Մենք կարող ենք նաեւ իրար հավատալ, որովհետեւ իրար ապացուցել ենք, որ ուժեղ ենք:
Այո, թող այդ ճանապարհին սխալվենք, մեկին անտեղի կնեղացնենք, հազար անգամ ներողություն կխնդրենք: Բայց ես ձեր խեղճության դեմ պատերազմ եմ տալու, ես վիզը ծուռ ՀՀ քաղաքացի չեմ ուզում տեսնել»:





























