Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի նկատմամբ նշանակված լրացուցիչ հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները հաստատել են ավելի վաղ անցկացված նմանատիպ փորձաքննության արդյունքները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
«Մեզ այսօր պաշտոնապես տեղեկացրել են աղջիկների նկատմամբ ավելի վաղ նշանակված հոգեբանական եւ հոգեբուժական լրացուցիչ փորձաքննությունների արդյունքների մասին: Հետաքննության կողմից ներկայացված տեղեկատվությունը հաստատում է այն դիրքորոշումը, որ մեր ամբաստանյալները մեղավոր չեն իրենց վերագրվող ծանր հանցագործության կատարման մեջ», - ասել է պաշտպանը:

Նրա խոսքով` փորձագետների համակողմանի հանձնաժողովը հեռակա կերպով հանգել է եզրակացության, որ բժիշկներին կրկին ներկայացրած տեղեկատվությունն աղջիկների կողմից, իբր, ֆինանսական միջոցներ ծախսելու մասին «չի կարող ազդել փորձագետների կողմից մեղադրյալների նկատմամբ ավելի վաղ ձեւակերպված ախտորոշիչ եւ փորձագիտական եզրակացությունների վրա, որոնք ներկայացված են 2018 թվականին անցկացված համապարփակ սեռական-հոգեբանական-հոգեբուժական եզրակացության մեջ»:

Համաձայն պաշտպանական կողմի` լրացուցիչ փորձաքննությունների արդյունքում ստացված փաստերը հաստատում են ողբերգության պահին աղջիկների` անհրաժեշտ ինքնապաշտպանական վիճակում գտնվելու մասին փաստաբանների դիրքորոշումը եւ հերքում են քույրերի նկատմամբ առաջադրված մեղադրանքը` կանխամտածված սպանություն կատարելու մեջ:

Ավելի վաղ փաստաբան Ալեքսեյ Պարշինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հետեւել է գլխավոր դատախազության ցուցումներին եւ նոր փորձաքննություններ է նշանակել քույրերի նկատմամբ: Ըստ նրա, քրեական գործը վերադարձնելով ՔԿ, գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը դատավճռի մեջ նշել է,ր որ աղջիկների որակավորումը քննության կողմից սխալ է սահմանվել, իսկ ճիշտ որակավորումն անհրաժեշտ պաշտպանությունն է:

Այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն բողոքարկել էր քույրերի գործի վերադարձն իրենց մոտ, այդ ժամանակ Գլխավոր դատախազության ղեկավար Յուրի Չայկան հրաժարվել էր բավարարել գործը հետ ՔԿ ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը` համաձայնելով Գրինի նախկին որոշման հետ, եւ օբյեկտիվության համար կարգադրել էր լրացուցիչ հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն անցկացնել մեղադրյալների նկատմամբ՝ հաշվի առնելով գործի բոլոր նյութերը, այդ թվում` նրանց, որոնք ձեռք են բերվել նախնական փորձաքննություններից հետո: Քննիչները փորձաքննիչների առջեւ նաեւ հարց էին դրել` արդյոք քույրերի միջեւ նամակագրությունը  սոցիալական ցանցերում կարող է հերքել նախորդ նմանատիպ հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննությունների արդյունքների օբյեկտիվությունը: