Խաղամոլությունը երեխաների եւ դեռահասների շրջանում ծնողների անտարբերության կամ շրջապատում խնդիրների հետեւանք է։ Այս մասին հայտարարեց հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ անձի հոգեբանության եւ մասնագիտական գործունեության գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Դիանա Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ համակարգչային խաղերով անչափահասների չափազանց շատ եւ նույնիսկ հիվանդագին տարվածության պատասխանատվությունը ամբողջովին ծնողների վրա է։ Նա նշեց, որ հաճախ ծնողները բաց են թողնում իրենց երեխաների հետ շփվելու հնարավորությունը՝ նախընտրելով զբաղվել կենցաղային հարցերով։ Ավելին, հաճախ նույնիսկ զբոսնելով երեխայի հետ այգում՝ ծնողները ձեռքից բաց չեն թողնում հեռախոսը։

«Ես ինքս բազմիցս ականատես եմ լինում ինչպես են ծնողները երեխային այգի բերում։ Երեխան ինչ-որ տեղ խաղում է, իսկ նրանք, նստարանին նստած, զբաղված են իրենց հեռախոսներով։ Կարծում եմ նման ծնողները պետք է պատրաստ լինեն նրան, որ երբ երեխան մեծանա, նա հենց այդպես իրենց կանտեսի՝ նախապատվությունը տալով համակարգչային խաղերին»,- հայտարարեց Սարգսյանը։

Եթե երեխայի խաղամոլությունը անցել է վտանգավոր սահմանը, երեխան մոռանում է նույնիսկ ուտել եւ/կամ ագրեսիա է դրսեւորում ընտանիքի անդամների հանդեպ, ծնողներին մնում է միայն հետաձգել բոլոր գործերը եւ երեխայի հետ առավելագույն շփում ապահովել։ «Անհրաժեշտ է երեխայի կենցաղը լցնել շփումով եւ ընտանեկան միջոցառումներով։ Երեխան չպետք է ձանձրանա։ Կարելի է գրանցել նրան տարբեր խմբակներում, որպեսզի փոխվեն նրա հետաքրքրությունները։ Սակայն ամենագլխավորը անհրաժեշտ է ներգրավել երեխային ձեր կյանքի մեջ, նա պետք է իրեն ձեր կյանքի մի մասը զգա, այլապես նա կդառնա «համակարգչի մասը»։ Ներգրավեք երեխային տնային գործերում, օգնեք նրան ուսման մեջ, միասին գնացեք գործերով կամ զբոսնելու, պարզապես նստեք եւ շփվեք նրա հետ»,- հայտարարեց նա։

Սակայն, այնուամենայնիվ, խաղամոլությունը հիվանդություն է, նույնիսկ եթե խոսքը համակարգչային խաղերի մասին է։ Սարգսյանը խորհուրդ է տալիս վերոհիշյալ միջոցառումների շարքում անպայման դիմել մասնագետների։ «Պետք չէ ամաչել օգնության դիմել։ Պետք է ժամանակին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, պարզել այդ խնդրի առաջացման պատճառները։ Խաղամոլությունը, որպես կանոն, դատարկ տեղում չի առաջանում։ Կարող են լինել ինչ-որ եզակի դեպքեր, սակայն մեծ մասամբ խնդիրը կամ ընտանիքի մեջ է, կամ երեխան դժվարություններ ունի շրջապատում»,- ամփոփեց Սարգսյանը։