Մարտի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ նվիրված «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի դասընթացների արդյունքների ամփոփմանը եւ գնահատմանը։ Քննարկմանը մասնակցել է նաեւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Հետազոտությունն իրականացվել է 2019 թվականի մայիսից նոյեմբեր ժամանակահատվածում դասընթացներին մասնակցած 104 շահառուների հետ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից անցկացվող 5-օրյա դասընթացը ծրագրից օգտվելու նախապայման է։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղեւոնդյանը նշել է, որ ծրագրի դասընթացներին այս պահի դրությամբ մասնակցել են 131 շահառուներ, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանագրեր։
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչության մասնագետի կողմից ներկայացվել են հետազոտության մեթոդաբանությունը, նպատակը, խնդիրները եւ մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները։ Հիմնական առաջարկները եղել են գործնական դասընթացները լավագույն մոդել եւ օրինակ հանդիսացող «խելացի» անասնաշենքում կազմակերպելու եւ նախարարության ներկայացուցչին դասավանդողների ցանկում ընդգրկելու վերաբերյալ։
Հանդիպման ավարտին տրվել են առաջարկներից բխող եւ ծրագրի կատարելագործմանը միտված հանձնարարականներ։





























