Հայաստանում դեֆոլտի հավանականությունը զրո է։ Այսօր՝ ապրիլի 22-ին նման հայտարարություն արեց «Ամերիբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

Նշենք, որ դեֆոլտի մասին հիմնականում խոսում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի կարծիքով՝ 2013 կամ 14 թ. Հայաստանը չի կարող մարել իր պարտավորությունները արտաքին վարկերի գծով։

Ըստ Տ. Ջրբաշյանի՝ դեֆոլտ հնարավոր է եվրոպական որոշ երկրներում, մասնավորապես՝ Հունաստանում, որտեղ պետպարտատոմսերի տոկոսադրույքները բարձրացել են մինչեւ 14 տոկոս։ Սակայն պետական պարտատոմսերի թանկացումը տեղի է ունենում դրամավարկային քաղաքականության անփոփոխության պայմաններում։

Հայաստանում եւս պետպարտատոմսերի տոկոսադրույքները վերջին շրջանում բարձրացել են մինչեւ 14 տոկոս, սակայն Տ. Ջրբաշյանի կարծիքով՝ դա դրամավարկային քաղաքականության խստացման օբյեկտիվ արձագանքն է։ «Հայկական ու հունական պարտատոմսերն ունեն նույն տոկոսադրույքները, սակայն միանգամայն տարբեր բովանդակություն»,- ասաց Տ. Ջրբաշյանը։