Բենզինի վերջնական ինքնարժեքի մեջ նավթի գնի բաժինը կազմում է 6-7 տոկոս, մինչդեռ հարկային մեխանիզմների կիրառումը կարող է առաջացնել բենզինի գնի մոտ 60 տոկոս: Դրանից բացի, կարեւոր նշանակություն ունեն նաեւ արտադրական ծախսերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

«Ուստի նավթի գնի անկումը աշխարհում բենզինի գների վրա էական ազդեցություն չի ունենա»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես հիշեցրեց փորձագետը, այն 2013 թվականին պարտավորվել է բենզին ներմուծել «Ռոսնեֆտ» ընկերությունից, ուստի ռուսական շուկայում իրավիճակը կանդրադառնա նաեւ Հայաստանում այդ վառելիքի գների վրա:

«Մենք չպետք է բացառենք այն, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը համաշխարհային շուկայում նավթի արտահանումը կմեծացնի, ինչը կարող է ներքին շուկայում որոշ դեֆիցիտ առաջացնել, ինչն իր հերթին կարող է հանգեցնել Ռուսաստանում բենզինի գնաճի: Քանի որ Հայաստանը գլխավորապես ռուսական բենզին է գնում, ապա իրադարձությունների նկարագրված շղթան կարող է նաեւ մեզ մոտ հանգեցնել այդ վառելիքի գնաճի: Ամեն դեպքում, սա իրադարձությունների զարգացման տարբերակներից միայն մեկն է»,- ընդգծեց Դավթյանը:

Փորձագետը նշեց, որ Հայաստանի իրավիճակի վրա կարող են ազդել այլ գործոններ, որոնք կարելի է բնաժանել երեք բաղադրիչի:

«Նավթի գնանկումը հանգեցրել է պղնձի գների անկման, որի արտահանումը 2019 թվականին Հայաստանի տնտեսության կառուցվածքում շարունակում էր կարեւոր նշաձող զբաղեցնել: Մեր երկրի տնտեսության համար լուրջ գործոն կարող են լինել նաեւ դոլարի հանդեպ ռուբլու դեւալվացիայի հետեւանքները՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական արտադրանքի արտահանման առանցքային ուղղությունն է: Ակնհայտ է, որ ռուբլու փոխարժեքի բարձրացումը կհանգեցնի արտադրանքի արժեքի բարձրացման, ինչը խնդիրներ կստեղծի հայ արտահանողների համար, որոնք ստիպված կլինեն հարմարվել եւ կարող են զրկվել մրցունակությունից: Դրանից բացի, ռուբլու արժեզրկումն էլ կարող է հանգեցնել տրանսֆերտների կրճատման, որոնք Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում 15 տոկոս են կազմում»,- ամփոփց նա: