Բաղդադից հյուսիս տեղակայված եւ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերի կողմից օգտագործվող Էթ Թաջի ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծության: Այս մասին այսօր հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայություններում աղբյուրներին:
Միաժամանակ, Sky News Arabia հեռուստաալիքի տեղեկություններով՝ բազայի տարածքի վրա ընկել է «կատյուշա» տիպի տասնյակից ավելի արկ, ինչի հետեւանքով տուժել է 2 մարդ: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մարտի 11-ին Էթ Թաջի բազայի հրթիռակոծության հետեւանքով զոհվել էին երկու ամերիկացի զինծառայողներ եւ մեկ բրիտանացի ռազմական բժիշկ, 14 մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել: ԱՄՆ վարչակազմը տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել էր «Քաթաիբ Հիզբոլլահ» խմբավորման եւ Իրանի իշխանությունների վրա: ԱՄՆ-ն մարտի 12-ին ավիահարվածներ էր հասցրել Իրաքում «Քաթաիբ Հիզբոլլահի» 5 պահեստներին՝ հարձակումը պաշտպանողական անվանելով:
Իրաքի ԶՈՒ հրամանատարության հայտարարության մեջ ԱՄՆ գործողությունները գնահատել էին որպես արաբական երկրի ինքնիշխանության եւ «Իրաքի անվտանգության ուժերի ու այդ ուխտադրուժ հարձակումը ծրագրած եւ իրականացրած կողմերի միջեւ գործընկերության սկզբունքների» խախտում: Հրամանատարության տեղեկությունների համաձայն՝ ավիահարվածների հետեւանքով զոհվել են 5 իրաքցի զինծառայողներ: Պենտագոնում ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քեննեթ Մաքկենզին ընդունել էր, որ խմբավորման օբյեկտների վրա հարձակումները զոհերի են հանգեցրել նաեւ խաղաղ բնակչության շրջանում:





























