Մի շարք սպորտային ակումբներ կորոնովիրուսով պայմանավորված իրավիճակով այս օրերին փակվել են:
Մասնավորապես փակվել են «Ռիբոկ», «Գոլդ ժիմ» եւ «Օրանժ ֆիթնես» սպորտային ակումբները: Եթե առաջին երկուսի հետ NEWS.am-ին չհաջողվեց կապ հաստատել, ապա «Օրանժ ֆիթնես» -ից մեզ պատասխանեցին, որ դեռ չգիտեն` ինչքան ժամանակով փակ կմնան, ըստ իրավիճակի կորոշեն:
«Հաճախորդները նորմալ գալիս էին, սակայն երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված ենք փակվել»,-ասացին սպորտային ակումբից:
Մի շարք ակումբներ էլ շարունակում են աշխատել, որոնցից է «Ինսպորտ վելնես»-ը: Այս ակումբի տնօրեն Դավիթ Հայրապետյանը մեզ վստահեցրեց, որ փակվելը ճիշտ որոշում չէ եւ պանիկայի դրսեւորում է այս վիճակում:
«Մարզական ակումբները իրենք բավական ստերիլ միջավայր են ապահովում, նախ իրենց մաքրությամբ զիջում են երեւի միայն հիվանդանոցներին, եւ մենք կարծում ենք, որ շատ ավելի օջախային վտանգավոր կենտրոններ կան, օրինակ` հանրային տրանսպորտ, մոլեր եւ սուպերմարկետներ, որտեղ ավելի հաճախ չեն կատարվում մաքրումներ քան մեզ մոտ: Մեզ մոտ մարդկային կուտակումներ չկան, միշտ մաքրվում են բոլոր մակերեսները, ալկոգելեր ենք տեղադրել, որ մարդիկ լվացվեն. Օդափոխության համակարգն է հզորացված, եւ կարող ենք ասել, որ վարակվելու հավանականությունը քիչ է»,-ասաց նա:
Սպորտային ակումբի տնօրենի կարծիքով` մյուս ակումբների փակվելը պանիկայի դրսեւորում է:
«Մենք մեր հաճախորդներին հնարավորություն ենք տվել, որ եթե վախենում են, կարող են սառեցնեն իրենց աբոնեմենտը եւ գումարային վնաս չկրեն: Բայց մենք կարծում ենք, որ մարդիկ պետք է հնարավորություն ունենան այս շրջանում առողջ ապրելակերպ վարելու հնարավորություն ունենան: Կարծում եմ, որ հիմա ավելորդ պանիկա տարածելու, փակվելու համար ավելի վատ կլինի, քան շարունակել աշխատելը»,-ասաց Դավիթ Հայրապետյանը` նշելով, որ 30-40 տոկոսով են նվազել հաճախումները:





























